ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահին

17 օգոստոսի, 2021

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին: 

Անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու հայ-հնդկական համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղղություններով: Արմեն Գորիգորյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային հարցերում: Վինայ Սահասրաբուդհեն իր հերթին ասել է, որ Հայաստանը Հնդկաստանի հուսալի և կարևոր գործընկերներից է Եվրասիական տարածքում:

Կողմերը փոխգործակցության հետագա խորացման համար որպես հեռանկարային առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, պաշտպանության ոլորտները, իսկ տնտեսական բնագավառում նախանշված ծրագրերի իրականացման համար առանցքային համարել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի  գործունեությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ։ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով  ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը։ Հայկական կողմն ընդգծել է, որ մշտապես աջակցել է Հնդկաստանին Ջամմուի ու Քաշմիրի հարցում։ Վինայ Սահասրաբուդհեն շեշտել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մշակութային համագործակցության ընդլայնման համատեքստում Արմեն Գրիգորյանն արժևորել է Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի գործունեությունը։ Հեռանկարային է համարվել նաև ֆիլմարտադրության, երիտասարդության և կրթական ոլորտներում փոխանակումների իրականացումը։ 

Զրուցակիցները նաև խորհրդանշական են համարել  նախօրեին Երևանում Մահաթմա Գանդիի արձանի բացումը՝ ի նշանավորումն հայ-հնդկական բարեկամության: 

Անդրադարձ կատարելով  միջխորհրդարանական համագործակցությանը՝ կողմերն ընդգծել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Տպել էջը