Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

12 մայիսի, 2021

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ: 

Վերահաստատվեց փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև  տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Տպել էջը