Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

23 ապրիլի, 2021

Ապրիլի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության ընթացքում: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Անաստասովը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-բուլղարական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Ավետ Ադոնցը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն հայտնեցին մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Ավելի վաղ ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

 

 

Տպել էջը