ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Դաշինք հանուն բազմակողմանիության վիրտուալ նախարարական համաժողովին

27 հունիսի, 2020

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին, որը նախագահում էին Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները: Համաժողովին մասնակցում էին ԱՀԿ գլխավոր տնօրենը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, «Լրագրողներ առանց սահմանների» գլխավոր քարտուղարը և շուրջ 50 երկրների ԱԳ նախարարներ՝ տարբեր տարածաշրջաններից:

Նախարարական համաժողովի քննարկման օրակարգի առանցքում էին բազմակողմ առողջապահական ճարտարապետության ամրապնդմանը և տեղեկատվական համավարակի դեմ պայքարին առնչվող թեմաները: 

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը խորհրդանշական համարեց համաժողովի անցկացումը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձի օրը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:

 
Տպել էջը