Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

14 մայիսի, 2020

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահայանի հետ:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորեց Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ-Նահայանը հանգամանալից քննարկում ունեցան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը: Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր փոխանակեցին նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ: 

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ-Նահայանն անդրադարձան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի:

Տպել էջը