Արտերկրում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ

24 ապրիլի, 2020

 

Ապրիլի 24-ին արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից մի շարք երկրներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ.

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված ուղերձով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև ԱՄՆ տասնյակ կոնգրեսականններ։

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմեց կանադահայությանը։ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով ծաղկեպսակներ զետեղվեցին «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Կոմիտասի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Նույն օրը ոչ բազմամարդ հիշատակի արարողություններ կազմակերպվեցին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում: 

Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին ՕՌԱ շրջանային խորհրդի նախագահ Լ. Վոքիեն և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահների մասնակցությամբ: Լիոնի հուշարձանի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Լիոնի քաղաքապետ Ժ. Կոլոնն ու Ռոն դեպարտամենտի պրեֆեկտը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուր-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո և շրջանի մի շարք այլ քաղաքաներում նույնպես իրականացվեցին ոգեկոչման միջոցառումներ՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների և տեղի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ծաղկեպսակ զետեղեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որին հաջորդեց Բեռլինում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանի բարեխոսական աղոթքը։ Հիշատակի արարողությանը ներկա էին նաև ԳԴՀ ԱԳՆ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Բեռլինի հայ համայնքների ներկայացուցիչներ։

Իսպանիայի մի շարք հայաշատ քաղաքներում (Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե և այլն) անցկացվեցին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակության արարողություններ:

Ապրիլի 24-ի նախօրեին իսպանահայությանն ուղղված ուղերձով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, որում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին՝ հույս հայտնելով, որ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները նույնպես մոտ ապագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ միանալով Իսպանիայի՝ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած 5 ինքնավար համայնքներին և 30-ից ավելի քաղաքներին:

Բարսելոնայում բնակվող Մայիլյանների ընտանիքի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեինա եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին եպիսկոպոս Մոնսենյոր Խաումե Գոնսալես-Ագապիտոյի (Mons.Jaume González-Agàpito) կողմից մատուցվեց պատարագ և 105 անգամ ղողանջեցին եկեղեցու զանգերը: Կատալունիայի «Արարատ» միության նախաձեռնությամբ՝ Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքի եկեղեցում ապրիլի 24-ին հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Շառլ Ազնավուրի երգերը:

Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը, Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսի և Բելգիայի հայ համայնքի ղեկավարների հետ միասին ծաղկեպսակ տեղադրեցին Բրյուսելի Հենրի Միշոյի հրապարակում գտնվող հայկական խաչքար հուշակոթողի մոտ: 

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Վիլնյուսի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիքոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակության միջոցառումներ:

Բուլղարիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված խաչքարի մոտ: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաև Բուլղարիայի տարբեր հայաշատ քաղաքներում։ Բուլղարիայի հայկական բոլոր կառույցները, եկեղեցական խորհուրդները առցանց ձևաչափով հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Շվեդիայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձներով հանդես եկան Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ, պատմաբաններ, հարակակական-քաղաքական գործիչներ։

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Վարդապետ Բարսեղ Պիլավչյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ ծաղիկներ զետեղեցին Պրահայի հայկական խաչքարի մոտ, որից հետո Պրահայի հայկական Սուրբ Հոգի եկեղեցում դռնփակ մատուցվեց սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ժամերգություն։ Դեսպանության, Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու և Չեխիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Չեռնոգորիայի հայ համայնքների հետ համագործակցությամբ իրականացվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առցանց միջոցառում, որը հավաքագրվեց 3 մասից բաղկացած մեկ ամբողջական ֆիլմի մեջ։

Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Սերբիայի հայ համայնքի անունից՝ Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը և Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը ծաղկեպսակ զետեղեցին Զեմունում գտնվող հայկական խաչքարին։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցվեց հատուկ փակ պատարագ` ի հիշատակ ցեղասպանության զոհերի, որին հաջորդեց ծաղկեպսակի զետեղման արարողություն։ Դեսպանության և համայնքային կառույցների համատեղ ջանքերով անցկացվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առցանց միջոցառումներ։ 

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը ապրիլի 24-ին ծաղկեպսակներ զետեղեց Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Դեսպանը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հանդես եկավ ուղերձով։

Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը ծաղկեպսակ զետեղեց Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հատուկ աղոթք է գրել և ուղարկել երկրում գործող բոլոր եկեղեցիներին՝ պատարագներների ընթացքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և սուրբ նահատակներին ոգեկոչելու նպատակով։ 

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ծաղկեպսակ զետեղեց «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանին։ Դեսպանը և Ալմելոյի քաղաքապետը ծաղիկներ խոնարհեցին նաև Ալմելոյում Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Դեսպան Բալայանը նիդերլանդահայությանը դիմեց տեսաուղերձով։

Իտալիայում Հայաստանի դեսպանության և համայնքային կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի առցանց արարողություն՝ «Ժամանակն անցնում է, հիշողությունը մնում» խորագրով։ 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը «Ժամանակն անցնում է, հիշողությունը մնում» միջոցառման շրջանակներում հանդես եկավ ուղերձով։

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ տեղադրեց Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը ծաղկեպսակ զետեղեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ` հանդիսապետությամբ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, բոլոր ռումինահայերի անունից, ծաղկեպսակ զետեղեցին և ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հանդես եկավ ուղերձով։ Հունաստանում ՀՀ դեսպանության և հունահայ համայնքի կողմից ծրագրված հիշատակի նախաձեռնություններն ու հրապարակային ելույթները հեռարձակվեցին համացանցի միջոցով:

Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Քիշնևի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Նժդեհ Քեշիշյանի հետ, հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին` եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողի մոտ:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ 

Դեսպանությանը կից մշակութային կենտրոնի նախաձառնությամբ անցկացվեց սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման առնցանց միջոցառում։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը ծաղկեպսակ տեղադրեց Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքարին: Սրբադասված նահատակներին նվիրված «Հիշատակ և խոնարհում» արարողությանը մասնակցեց նաև Հյուսիս–Արևմտյան տարածաշրջանի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մասնակցեց Սուրբ Հարություն եկեղեցում մատուցված պատարագին, այնուհետև ծաղիկներ զետեղեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում, տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների: Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները: Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգիյ Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից: Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ կազմակերպվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառումը, որին մասնակցեցին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ու ՀՀ դիվանագիտական առաքելության անձնակազմը, Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության ղեկավար Գ․Եղիազարյանը և հայ համայնքի ներկայացուցիչները։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ՝ Մեծ եղեռնի 105-ամյա տարելիցին նվիրված հուշ-արարողություն, որին մասնակցեցին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Կիև հայ համայնքի նախագահ, Տերնոպիլում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, հոգևոր հայրեր։ Նույն օրը մեր հայրենակիցները հուշ-արարողություններ են անցկացվել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման տեսաուղերձներում ելութ ունեցավ նաև ՀՀ դեսպանը։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն ապրիլի 24-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագին, որը մատուցեց Դամասկոսի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը։ 

Հալեպ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը և ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների և քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ: Մասնավորապես` Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվեց համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվեց ապրիլի 23-ի երեկոյան հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակում։ Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի ունեցավ հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետևեց ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Եգիպտոսում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Պատարագին մասնակցում էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Կահիրեի Թեմական և Քաղաքական ժողովների ատենապետներ և փոխատենապետներ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքարին զետեղվեցին ծաղկեպսակներ Եգիպտոսի հայերի անունից:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցում էր Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Պարետային ռեժիմի պայմաններում պատարագն անցկացվեց դռնփակ։ Պատարագի ավարտին դեսպան Փոլադյանը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։

Կատարում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ից մինչև ապրիլի 25-ի առավոտյան իջեցվել են դեսպանության և դեսպանի կեցավայրի դրոշները։ Հայ համայնքին տրամադրվել է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ։

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասերյանը հանդես եկավ ուղերձով` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապացությամբ։ 

Ճապոնիայում նոր տիպի կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների պայմաններում դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Տոկիոյում «Խաղաղության խաչքարին»։ 

 

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձներով և հարցազրույցներով են հանդես եկել մի շարք երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Տպել էջը