ԱԳ նախարարը հանդիպեց ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

26 փետրվարի, 2020

Փետրվարի 26-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:

ԱԳ նախարարն իր աջակցությունը հայտնեց Ժնևի ՄԱԿ գրասենյակի կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների կյանքի կոչման և մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու ջանքերին։

Զոհրաբ Մնացականյանը և Տատյանա Վալովայան դրական գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների միջև հաստատված համագործակցության դինամիկան և տարբեր ոլորտներում միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին Հայաստանի ներդրումը։

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հետամուտ է լինելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և տարածմանը։ Որպես առաջնահերթություն Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց նաև ցեղասպանության  կանխարգելման օրակարգի խթանումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ 

ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Վալովայայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտքաին քաղաքականության առաջնահերթությունները և մարտահրավերները:

Տպել էջը