Սլովենիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

03 փետրվարի, 2020

Փետրվարի 3-ին ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-սլովենական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Կողմերն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ավելի վաղ ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

 

 

Տպել էջը