Հայաստանի և Եվրոպական միության միջև Գործընկերության կոմիտեի հանդիպման վերաբերյալ համատեղ հաղորդագրություն

17 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում:

Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ՀՀ-ԵՄ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:

Գործընկերության կոմիտեն քննարկեց նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երևանում։

Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո և խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին,  Հայաստանը և ԵՄ-ն կդիտարկեն երիտասարդության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները:

Քննարկվեցին նաև տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:

 

 

Տպել էջը