ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստի վերաբերյալ

15 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 14-15-ը ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Երևանում, Հայաստանի Հանրապետության նախագահությամբ երկրորդ անգամ կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 27-րդ նիստի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 27-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները և նիստի արդյունքները:

Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում: Ընդգծելով ԱՊՀ մասնակից պետությունների պատմական ժառանգության ընդհանրությունները՝ Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի նաև ներկա ժամանակաշրջանում ծառացած խնդիրների համատեղ ջանքերով լուծմանը:

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են Կոմիտեի օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր և մտքեր փոխանակվել ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել համագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնել պարբերական քննարկումներ միջազգային իրավունքի կիրառման արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ:

Նիստի ավարտին Կոմիտեում նախագահությունը փոխանցվեց Ուզբեկստանի Հանրապետությանը:

 

 

 

 

Տպել էջը