ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ

21 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը  վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք  կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ 

Որպես թիրախային ուղղություններ՝  կողմերը նշեցին ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները:  Զրուցակիցները կարևորեցին նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների  ակտիվացումը: Մտքեր փոխանակվեցին երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվեց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

 

Տպել էջը