Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ

26 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ինդոնեզիային ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջող անդամակցության կապակցությամբ:

Նախարարները քննարկեցին հայ-ինդոնեզական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա և դեռևս չիրացված ներուժը՝ համագործակցության օրակարգն առավել ամրապնդելու և հարստացնելու նպատակով: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, նաև խորհրդարանական հարթակում շփումների խթանումը:

Նախարարներ Մնացականյանը և Մարսուդին առանձնահատուկ ընդգծեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, էլեկտրոնային կառավարման, զբոսաշրջության ոլորտները և նրանց շրջանակներում փորձի փոխանակմանը, մարդկանց միջև շփումների աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները: 

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: 

Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:

 

Տպել էջը