ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին

26 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնեց Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերներն առանձնահատուկ կարևորեցին ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու և ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսևորման անհրաժեշտությունը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ մեծապես կարևորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը: 

Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը: Ներկայացնելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախի՝ գործընթացի նկատմամբ սեփականության զգացումի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:

 

Տպել էջը