Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

18 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն հայտնեց, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:

Գործընկերները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Լատվիան կիսում են համագործակցության դրական փորձառություն և շարունակելու են համատեղ ջանքերը՝ երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ: 

Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները:  

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շրջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով

Այցի շրջանակներում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն այցելեցին և ծաղիկներ զետեղեցին Ազատության հուշարձանին:

Արտգործնախարարն այցելեց Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին  ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրքապահոցին նվիրեց հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը: 

 

Տպել էջը