ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

31 օգոստոսի, 2019

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Մասնակիցներին ուղղված խոսքով հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

Կարևորելով նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նախարար Մնացականյանը նշեց.

«Բավական ընդարձակ քննարկումներ ենք ունեցել կառավարության ներսում, վարչապետի հետ, թե ինչպես է ձևավորվում սփյուռքի հետ մեր աշխատանքները կազմակերպելու ինստիտուցիոնալ համակարգը: Մենք ամրագրեցինք համահայկականության սկզբունքն արտաքին քաղաքականության մեջ: Ինստիտուցիոնալ առումով ես կարծում եմ, որ մենք առաջին հերթին ունենք ձևավորված փորձ և հիշողություն: Մեր դեսպանություններն անմիջականորեն հանդիսանում են այն օղակը, որ առօրյա, անմիջական շփման մեջ է սփյուռքի հետ: Սփյուռքի հսկայական ներուժն արտահայտվում է թե՛ Հայաստանի զարգացման օրակարգում, թե՛ միջպետական հարաբերությունների ձևավորման հարցում  և թե՛ համահայկականության սկզբունքը համալրելու, նրան աջակցելու և նպաստելու մեջ ունեցած դերակատարությամբ»:

Շնորհակալություն հայտնելով դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ երկխոսելու համար ընձեռված հնարավորության համար՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հանդիպման անցկացումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և արտաքին քաղաքական գերատեսչության  միջև համագործակցության մասին բաց զրույց անցկացնելու համար:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից քննարկում ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքների և Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերի շուրջ: 

Տպել էջը