Մեկնարկեց ԱԳ նախարարի այցը Վրաստան. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

24 հուլիսի, 2019


Հուլիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը կարևորեց Վրաստանի ԱԳ նախարարի հետ երկկողմ ձևաչափով առաջին պաշտոնական հանդիպման անցկացումը, ինչը ևս մեկ քայլ է՝ ուղղված հայ-վրացական բազմադարյա պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին անդրադարձան հայ-վրացական համագործակցության մի շարք հարցերի: Երկուստեք բարձր գնահատվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությունը և ընդգծվեց ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի կիրառման համատեքստում առանձնահատուկ կարևորվեցին հունիս ամսին Երևանում և Դիլիջանում անցկացված Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի և հայ-վրացական գործարար համաժողովի արդյունքները՝ միաժամանակ ընդգծելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարներն ընդգծեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և այդ ոլորտում առկա ձեռքբերումների պահպանումը, կարևորվեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախաձեռնումը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Զալկալիանին արժևորեցին նաև միջազգային կառույցներում համագործակցությունը և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության և փոխադարձ աջակցության ամրապնդումը: Որպես ԵՄ գործընկեր պետություններ՝ ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին և մտքեր փոխանակեցին նախաձեռնության ապագայի տեսլականի շուրջ:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում  Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվեց, որ տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին:

 

Տպել էջը