ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

05 հուլիսի, 2019

Հուլիսի 5-ին Ստեփանակերտում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը կարևորեց տարբեր մակարդակներում Հայաստանի և Արցախի միջև կանոնավոր շփումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ստեղծում մտքեր փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուղենշելու դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: 

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Արցախի միջև բազմաթիվ ոլորտներում սերտ համագործակցությունը` այդ առնչությամբ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և դրա ներուժի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերին: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Արցախի ԱԺ նախագահին և խորհրդարանականներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Ընդգծվեց Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

 

Տպել էջը