Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին

05 հուլիսի, 2019

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար:

Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա  կարգավորման գործընթացում:

Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ  բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:

 

Տպել էջը