ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցեց Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույցի քննարկմանը

06 հունիսի, 2019

Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2019թ. գնահատման զեկույցը:

Նիստի ընթացքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է հետամուտ լինել իր կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը: Ի թիվս այլ հարցերի, ուրվագծվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերն, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Փոխնախարար Բալայանը ներկայացրեց պաշտպանության և անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումները:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին Հայաստանի գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ և շնորհակալություն հայտնեցին Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն և Կոսովոյի ուժեր առաքելություններին Հայաստանի շարունակական կարևոր ներդնման համար: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ և բանակցված կարգավորման կարևորությունը:

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված մի շարք հարցերին՝ առանձնանշելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ և հայկական կողմը կարևորում է ԱԳԳԾ շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության հետագա զարգացումը։

Այցի շրջանակներում, հունիսի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին ընդունեց Քաղաքական և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Տպել էջը