Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրուգալոսի հետ

04 հունիսի, 2019

Հունիսի 4-ին Աթենքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Յորգոս Կատրուգալոսը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Արտգործնախարարներ Մնացականյանը և Կատրուգալոսը  գոհունակությամբ ընդգծեցին, որ համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում հարաբերությունների արդյունավետ զարգացման և խորացման նոր հեռանկարներ է բացում։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի։

 

Տպել էջը