ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց ՀԱՊԿ ԳՔ թեկնածու, Բելառուսի Հանրապետության ԱԽ պետքարտուղար Զասին

27 մայիսի, 2019

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի  պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Նախարար Մնացականյանը շեշտեց Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։   

Տպել էջը