Նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ

20 մայիսի, 2019

Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձավ այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական և սոցիալական խորհրդում և Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին և նախաձեռնություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային ձևաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության և իրականացվող ծրագրերի շուրջ:

Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունը հայտնեց կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:

 

Տպել էջը