Դեսպան Վարուժան Ներսեսյանի ելույթը House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի կողմից կազմակերպած միջոցառմանը

15 մայիսի, 2019

Մայիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Կոնգրեսում մասնակցեց և խոսքով հանդես եկավ «House Democracy Partnership» երկկուսակցական հանձնաժողովի կողմից կազմակերպած միջոցառմանը, որի նպատակը 2019թ. ապրիլին Հայաստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա հանձնաժողովի պատվիրակության այցի արդյունքների ամփոփումն էր: Հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Փրայսը, փոխնախագահ Վերն Բուքանանը, հանձնաժողովի անդամներ Բարբարա Լին, Դինա Թայթուսը և Ջերի Քոնոլին ամփոփ ներկայացրին այցելության ընթացքում իրենց ունեցած հանդիպումների ու դրանց արդյունքների մասին, անդրադարձան նաև հանձնաժողովի ու գործընկեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության հեռանկարներին:


Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականների ու դրանց սատարելու գործում պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ այս այցը կարևոր մեկնարկ կհանդիսանա երկկողմ գործընկերության հաստատման համար: Դեսպան Ներսեսյանը վերահաստատեց հանձնաժողովի հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու հարցում հայկական կողմի պատրաստակամությունը:

Տպել էջը