Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

29 ապրիլի, 2019

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության /ԱԷՄԳ/ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Գլխավոր տնօրենի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում հայկական կողմին ցուցաբերած աջակցությունը:

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նման ձևաչափով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ համագործակցության առավել խորացման հեռանկարների ուղենշման և այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համատեքստում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարաձգման, միջուկային էներգետիկայի զարգացման, միջուկային անվտանգության հարցերի շուրջ:

Տպել էջը