ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Կատարի Պետության նորանշանակ դեսպանին

25 ապրիլի, 2019

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Կատարի Պետության նորանշանակ դեսպան (նստավայրը Թեհրան) Մուհամմադ բին Համադ Սաադ Ալ-Հաջիրին (Mohammed bin Hamad Saad Al Hajri)՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ փոխնախարար Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ սույնով նոր էջ կբացվի հայ-կատարյան հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում։

Շնորհակալություն հայտնելով փոխնախարարին՝ դեսպան Ալ-Հաջիրին նշեց, որ կատարյան կողմից առկա է ջերմ վերաբերմունք Հայաստանի և հայ ժողովուրդի նկատմամբ։ Դեսպանը հետագա առաջընթաց ու բարգավաճում մաղթեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հայ ժողովրդին։

Երկուստեք կարևորվեցին հայ-կատարյան շփումները բազմակողմ հարթակներում։ Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել՝ խթանելու միջպետական իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային փոխանակումը։ Գրիգոր Հովհաննիսյանը և դեսպան Ալ-Հաջիրին ընդգծեցին նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների կազմակերպման հրամայականը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը հայ-կատարյան հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Տպել էջը