ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Կվիբուկա 25»-ին նվիրված միջոցառումներին

07 ապրիլի, 2019

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, բացման խոսքով հանդես եկան Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին: Համաժողովին հատուկ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, ով, իր խոսքի սկզբում ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, կարևորեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը, որի ժամանակ շեշտադրվեց կրթության դերը կանխարգելման գործընթացում։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախարարի զրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:

Կողմերն ընդգծեցին ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվեց կրթության և հիշողության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում:

 

 

Տպել էջը