Մեկնարկեց ԱԳ նախարարի այցը Կիգալի. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ

05 ապրիլի, 2019

Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային:

Նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու  ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում  ժողովրդավարության ամրպանդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտեցին այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և  Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունեց և բարձր գնահատեց Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Տպել էջը