Դիվանագետի օրվան նվիրված ընդունելություն

07 մարտի, 2019

Մարտի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Դիվանագետի օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և բազմաթիվ հյուրեր:

Դիվանագետներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հանրային ծառայությունների շարքում դիվանագիտական ծառայությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ կայանում և զարգանում է պետության կարևորագույն հատկանիշի՝ ինքնիշխանության ներքո։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դիվանագետի օրը նշվում է հենց մարտի 2-ին, երբ 27 տարի առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի եռագույնը՝ այդպիսով ամրագրելով մեր երկրի տեղն ու դերն ինքնիշխան պետությունների ընտանիքում:

Լինելով արտաքին քաղաքականության իրականացման առանցքային միջոցներից մեկը՝ դիվանագիտությունը և այն կյանքի կոչող դիվանագետներն ուղղակիորեն գործ ունեն միջազգային հարաբերություններում պետության անկախության ապահովման և արտաքին անվտանգության ամրապնդման հետ։

Հպարտորեն կարող ենք նշել, որ արտաքին գործերի նախարարությունն անկախությունից ի վեր իր գործունեությամբ կայացել է որպես ամուր և ինքնաբավ պետական կառույց, որտեղ աշխատում են իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված մասնագետներ՝ ամենօրյա անձնվիրաբար ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Մենք բոլորս յուրահատուկ մի ընտանիք ենք, ուր միախառնված են փորձն ու երիտասարդությունը՝ միավորված հզոր և ներկայանալի Հայրենիքի գաղափարով։

Կցանկանայի հատուկ խոսքս ուղղել մեր շարքերը վերջին շրջանում ակտիվորեն համալրող երիտասարդ դիվանագետներին, որոնցից շատերը, հանդիսանալով Անկախության սերունդ, նոր շունչ ու թարմություն են հաղորդում մեր ծառայությանն` աչքի ընկնելով իրենց հատուկ առաջադեմ և նորովի մոտեցումներով։ Եվ ես վստահ եմ, որ մեր փորձառու և վաստակաշատ դիվանագետների ու երիտասարդների համատեղ և փոխլրացնող աշխատանքի շնորհիվ ի զորու ենք արդյունավետորեն լուծել մեր ծառայության առջև դրված խնդիրները: ԱԳՆ կադրային բանկի հարստացման գործում կուզեի առանձնահատուկ ընդգծել Դիվանագիտական դպրոցի դերակատարությունը, որի շրջանավարտներն արդեն մի քանի տարի է Հայաստանի շահերը պաշտպանում են աշխարհի տարբեր հատվածներում։

Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն դիվանագետներին, ովքեր հաճախ սեփական ֆիզիկական անվտանգությանը սպառնացող իրավիճակներն անտեսելով՝ անձնվեր ծառայություն են իրականացնում ճգնաժամային գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում՝ շարունակելով պաշտպանել մեր հավաքական շահերը»:

«Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում հավակնոտ և անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դիվանագիտական ծառայությունն իր ուրույն դերակատարությունն ունի նոր Հայաստանի կերտման գործում` արտաքին քաղաքական ոլորտում առարկայացնելով այն հսկայական ներուժը, որը կերտվել է մեր երկրում տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխությամբ։  Սա ներուժ է, որը հնարավորություն է ընձեռում ուժեղացնելու հայաստանամետ քաղաքականության բոլոր բաղադրիչները՝ երկրի զարգացման օրակարգի առաջմղման համար արտաքին համալիր պայմաններ ապահովելու համար:

Կառավարության ծրագրի հիման վրա, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով՝ մենք շարունակելու ենք ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ներկայացնել ու պաշտպանել մեր երկրի ու քաղաքացիների օրինական շահերը, քայլեր ձեռնարկել համազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկրի և մեր ժողովրդի։

Կարևորագույն խնդիրներից է քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը։ Մենք պետք է կատարենք տնտեսական հեղափոխության մեջ մեր դիվանագիտական քայլը, որն առաջին հերթին նշանակում է երկրի տնտեսական հնարավորությունների, ներդրումային գրավչության և բիզնես միջավայրի պատշաճ ներկայացումը միջազգային գործընկերներին»:

Արտաքին քաղաքական գերատեսչությունում երկատարև աշխատանքի համար դեսպան Գրիգոր Առաքելյանը պարգևատրվեց ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալով:

Տպել էջը