Հայաստանի և Սուդանի ԱԳ նախարարների հանդիպումը

16 փետրվարի, 2019

 

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի Հանրապետության իր գործընկերոջ` Մոհամմեդ Ահմեդ ալ-Դիրդիրիի հետ:

Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

ԱԳ նախարարները կարևորեցին Սուդանի հայկական փոքրաթիվ, սակայն աշխույժ համայնքի դերը երկկողմ օրակարգի ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել բազմաոլորտ համագործակցության զարգացման և խորացման նպատակով:

Զրուցակիցները նաև անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

 

Տպել էջը