Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդականի հետ

16 փետրվարի, 2019

Փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց  ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ նախադրյալներ է ստեղծում հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Որպես կարևոր ուղղություն, ի թիվս այլոց, ընդգծվեցին բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յան Հեքերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:  

 

Տպել էջը