ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին

06 փետրվարի, 2019

Փետրվարի 6-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Արմեն Պապիկյանը բարձր գնահատեց ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը և տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում բարձրաստիճան երկկողմ շփումների կարևորությանը։

Հանդիպման վերջում ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը և դեսպան Պապիկյանը՝ որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ, մտքեր փոխանակեցին Կառավարիչների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ:

Տպել էջը