Դեսպան Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրենին

29 հունվարի, 2019

Հունվարի 29-ին Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին (Yury Fedotov):

Շնորհավորելով դեսպան Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Յուրի Ֆեդոտովը հաջողություն մաղթեց՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի հետ Հայաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի ինտենսիվ և արդյունավետ:

Այնուհետև Գլխավոր տնօրենը ներկայացրեց մայիսին Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի 40-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Յուրի Ֆեդոտովը անդրադարձ կատարեց նաև ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ծրագրերին և առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումներին՝ առանձնացնելով Թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում մարտի 14-15 Վիեննայում կայանալիք նստաշրջանի նախարարական հատվածը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությունը ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Տպել էջը