Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

29 հունվարի, 2019

Հունվարի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով Հանձնակատար Յոհաննես Հաանին: Կողմերը բարձր գնահատեցին անցած ամիսների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված բավական մեծ առաջընթացը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով պարբերական երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին ՀՀ-ԵՄ բազմաշերտ օրակարգը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` որպես երկկողմ հարաբերությունները կարգավորող էական իրավական հիմքի կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն օգտակար գործիք է՝ խթանելու Հայաստանի կառավարության զարգացման օրակարգը՝ առանձնահատուկ շեշտադրում անելով երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդման վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը կարևորեցին ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ ծավալված համապարփակ քննարկումները:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը համակարծիք էին, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ հանգրվան է ամփոփելու նախաձեռնության ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործողությունները:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարքի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին և Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հանձնակատար Հաանին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Յոհաննես Հաանը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

 

 

Տպել էջը