Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու վարչապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց կատարման ընթացքին:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Կանադան առաջնային գործընկեր է Հայաստանի համար բազմաթիվ հարցերում՝ կարևորելով Հայաստանի զարգացման օրակարգում հայ-կանադական փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Երկուստեք նշվեց, որ առկա է լավ ներուժ  աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար՝ այդ գործընթացում որպես առաջնային ուղղություն դիտարկելով թվային օրակարգը: Ներկայացնելով նորարարության և բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց տվյալ ոլորտումներում Կանադայի հետ համագործակցության խորացման և փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները նաև ընդգծեցին Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի կարևորությունը՝ որպես երկու բարեկամ երկրները միմյանց  կապող կամուրջ:

 

Տպել էջը