Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով  քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում վերահաստատեց կառավարության հանձնառությունն ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթացի ապահովմանը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կառավարության գերակայություններից է նաև զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները՝ այս առումով կարևորելով ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության հետագա խորացումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ:

 

Տպել էջը