Խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

30 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 30-ին Արցախի  արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հերթական խորհրդակցությունները Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմից խորհրդակցություններին մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Արցախի միջազգային համագործակցության և միջազգային գործընթացներում ներգրավվածության ընդլայնման շուրջ։

Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ կարևորելով տարբեր մակարդակներով շփումներն ու խորհրդատվությունների անցկացումը, որոնք պարբերական բնույթ են կրում։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին ընդունեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվեցին արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տպել էջը