ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մասնակցեց «Նորարարությունների գործընկերություն զարգացման համար» տարածաշրջանային աշխատաժողովին

02 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մասնակցեց «Նորարարությունների գործընկերություն զարգացման համար» տարածաշրջանային աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Ռուսաստան-ՄԱԶԾ-Հանուն զարգացման վստահության հիմնադրամի կողմից: Աշխատաժողովին ներկա էին նույն հիմնադրամի ղեկավար կոմիտեից, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՄԱԶԾ գրասենյակներից ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում բարձր գնահատեց նորարարության դերն ու ազդեցությունը զարգացման գործում: Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի համար նորարարական մոտեցումները և լուծումներն առավել քան կարևոր են՝ հաշվի առնելով բնական պաշարների սակավությունը և տարածաշրջանի յուրահատկությունը, և ընդգծեց, որ ՀՀ կառավարության օրակարգում նորարարությունը, նորարարական լուծումները և տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային տեղ են զբաղեցնում:

ԱԳ նախարարի տեղակալը նաև հիշատակեց նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի երկարամյա ավանդույթների մասին՝ նշելով, որ այսօր դրանք զարգանում են նոր թափով՝ ի դեմս Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայաստանի FAST գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի և այլն:

Տպել էջը