ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Ուրուգվայ

01 նոյեմբերի, 2018

Հոկտեմբերի 31-ին Ուրուգվայի ԱԳՆ հետ քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլն անցկացնելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոնտեվիդեոյում:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, արտաքին գործերի փոխքարտուղար Արիել Բերգամինոյի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին, արձանագրեցին երկու պետությունների միջև հարաբերությունների բարձր մակարդակը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն հայտնեց Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, տարածաշրջանային քաղաքականության խնդիրներ և միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել բարձր մակարդակի շփումները, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` հատկապես կրթության և սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառներում:

Աշոտ Հովակիմյանն այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեչիչյանի, Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռոբերտո Սիազարոյի և Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Աշոտ Հովակիմյանը նաև այցելեց Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Տպել էջը