Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների միջև

18 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ փոխնախարարների մակարդակով:

Երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլի Բոնդարի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմաննառնչվող հարցեր:

Կողմերը ընդգծեցին առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հաջորդ նիստի անցկացկացման անհրաժեշտությունը։

Երկկողմ օրակարգային հարցերի թվում կարևորվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակների և ստորաբաժանումների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Հայաստանի և Ուկրաինայի արտաքաին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին՝ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Տպել էջը