Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կամբոջայի փոխվարչապետի հետ

10 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և այդ առումով լիարժեք կիրառվում են բազմակողմ ձևաչափերի ընձեռած հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպությունը՝ որպես լավ հարթակ անդամ պետությունների միջև կապերի առավել ամրապնդման համար: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքային ծրագրի, ներկայացվելիք փաստաթղթերի, ինչպես նաև հարակից միջոցառումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանը իր զրուցակցին ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

 

Տպել էջը