ԱԳ նախարարի հանդիպումն Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և  Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը:

Նախարարները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունը և հանձնառությունը համամարդկային արժեքների նկատմամբ: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերակատարությունը երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի ու Ուրուգվայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներն ու առաջնահերթություններն՝ ընդգծելով բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

 

Տպել էջը