Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպում

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Կայրաթ Աբդրախմանովի հանդիպումը:

ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող հարցեր, նախանշեցին երկկողմ փոխշահավետ համագործակցության առավել խորացմանն ուղղված համատեղ քայլերը:

Ներկայացնելով ժողովրդի լայն մանդատի վրա ձևավորված կառավարության զարգացման օրակարգը և դրա գերակա ուղղություններ հանդիսացող նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց տվյալ բնագավառներում երկկողմ համագործակցությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։

 

Տպել էջը