Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

27 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվեց Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի:

 

Տպել էջը