Հայաստանի և Մադագասկարի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Էլոի Մաքսիմ Դովոյի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր հարթակներում փոխգործակցությանը, հատկապես արժևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի գործընկերության առավել ընդլայնմամբ և պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել այդ փոխգործակցության զարգացման առումով առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ։

Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով նաև բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների դերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը, նախատեսվող միջոցառումները և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերը: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջ քաշվելիք նախաձեռնությունները:

Տպել էջը