Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

13 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։

Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության գերակայությունները, գագաթաժողովի ծրագիրը, «Ապրել միասին» կարգախոսը՝ նշելով, որ այն համերաշխության, միասնության և մշակութային բազմազանության հանդեպ հարգանքի հզոր ուղերձ է, և այն կենտրոնական տեղ կզբաղեցնի գագաթաժողովի ծրագրի մաս կազմող բոլոր միջոցառումներում:

Անդրադարձ կարատվեց գագաթաժողովին զուգահեռ նախատեսվող հարակից միջոցառումներին, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի ավանին ու Գալա համերգին, ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնական տեսահոլովակը։

Միջոցառմանը ներկա բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով՝ ողջունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունն ու հաջողություն մաղթելով Երևանում կայանալիք գագաթաժողովի աշխատանքներին։

Տպել էջը