ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը

11 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Գլխավոր քարտուղար Միկաել Ժանին՝ կազմակերպության շրջանակներում Հայաստանին նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես համագործակցության, երկխոսության և մտքերի փոխանակման հարթակ և հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՖՄԿ գլխավոր քարտուղարն ասաց. «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և որպես կարգախոս ու հիմնական թեմա ընտրվել է «Ապրել միասին» այժմէական թեման: Ինձ համար մշտապես մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձան Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնառու են գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ Երևանի գագաթաժողովում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը կնպաստեն կազմակերպության դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրեց նորարար զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը: Այս առումով երկուստեք կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցի ստեղծումը, թվային և գործարար բնագավառների ֆորումների անցկացումը, որով ճանապարհ կհարթվի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման համար:

Անդրադառնալով գագաթաժողովի «Ապրենք միասին» կարգախոսի խորհրդին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կողմից առաջարկված կարգախոսը և դրա ներքո ներկայացվելիք կոչը խորհրդանշում է հարգանք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ, սոցիալական հանդուրժողականություն, խաղաղ համագոյակցություն, հավասարություն կնոջ և տղամարդու միջև, երիտասարդությանը նախապատվություն. դրանք հանդիսանում են նաև Հայաստանի կառավարության գերակայությունները: Կողմերն ընդգծեցին երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զագացման օրակարգի բաղկացուցիչ մաս։

Գագաթաժողովի հարակից միջոցառումների շուրջ զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի ավանին, ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ կայանալիք Գալա համերգին, ինչպես նաև Ծաղկաձորում կայանալիք Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովին։

Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսին:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել էջը