Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչին

31 օգոստոսի, 2018

Օգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Լիզ Ֆիլիատղոյին և Հայաստանում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աննիկ Գուլեին:

Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը։

Հայաստանի արտգործնախարարն ու Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչը քննարկեցին առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Բարձր գնահատելով նորարարության և թվային տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ կանադացի դիվանագետները կարևորեցին տվյալ ոլորտում համագործակցության խորացումը։

Անդրադարձ արվեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Տպել էջը