ԱԳ նախարարի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալի հետ

02 Օգոստոսի, 2018

Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունն այդ նպատակով։

Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկեցին ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։

Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Հատուկ անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ստեղծված իրադրությանը, ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով տարածաշրջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Սիրիայում մեր հայրենակիցների անվտանգության, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին։ Զրուցակիցներն ընդգծեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական գործելու կարևորությունը։

 

Տպել էջը