ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագում Հայաստանի զեկուցողին

24 հուլիսի, 2018

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով դրանց քննարկման ու շփումները շարունակելու կարևորությանը։

Քրիստոֆ Պլոսին, ով գերմանական օրենսդիրի ԵՄ հանձնաժողովում նաև Հայաստանի հարցերով զեկուցողն է, ներկայացվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկեցին ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերին։ Գերմանացի պատգամավորի խնդրանքով՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Տպել էջը