ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

12 հուլիսի, 2018

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիկոլաս Լյոբելին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)՝ Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։

Նազարյանը և Լյոբելը համոզմունք հայտնեցին, որ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկան ոչ միայն պահպանվում, այլ նաև ակտիվանում է՝ շնորհիվ կանոնավոր հաճախականությամբ իրականացվող քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և խորհրդարանականների փոխայցելությունների։

Երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումների համատեքստում հյուրին ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագրով հռչակված գերակայությունները կյանքի կոչելուն միտված քայլերը։ Կողմերը քննարկեցին հայ-գերմանական օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առկա ներուժն իրացնելու հնարավորությունները: Արծարծվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ընթացքը, ինչպես նաև դրա կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքը։

Գերմանացի օրենսդիրը և ԱԳ նախարարի տեղակալը մտքեր փոխանակեցին Բուդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևից բխող քայլերի շուրջ՝ ընդգծելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում ու դատապարտման պայքարում խորհրդարանականների անգնահատելի ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային իրավիճակին։

 

Տպել էջը